Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բնակչության շրջանում որևէ խուճապ չի եղել և չի կարող:
«Բարեբախտաբար, չունենք տուժածներ խաղաղ բնակչության շրջանում: Սա առաջին հերթին, խոսում է այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց աշխատանքը կատարում են, բնակչությունը վարժված է այս իրավիճակին, արագորեն զբաղեցրել են նկուղներ, ռմբաապաստարաններ և այլն: Չնայած մեծ թվով արկեր ուղղվեցին բնակավայրերի վրա, սակայն կորուստներ չունեցանք»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել և վստահություն հայտնեց, որ հետո էլ տեղի չի ունենա: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում:
Անդրադառնալով ժամկետային 2 զինծառայողների մահվանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մարտական գործողությունները միայն առաջնագծում չէ, որ տեղի են ունենում։
«Եթե հակառակորդը կիրառում է մարտական ԱԹՍ-ներ, հրետանու տարբեր տրամաչափեր և այլն, մենք հասկանում ենք, որ պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները շատ հարաբերական են։ Այո, փորձում ենք առաջնագծում չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները տեղի են ունենում խորքում»,- ասաց նա։