Խորհրդարանն այսօր քննարկեց «Բանակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանրամասնեց, որ օրենքում ցանկանում են ավելացնել նոր գլուխ՝ «Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը արտակարգ իրավիճակներում»:
«Նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ, այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:
Նաև յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է սահմանվի բնակչության բժշկական օգնության սպասարկման կարգ, որը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Կառավարությունը պետք է հաստատի»,- ասաց պատգամավորը:
Զեյնալյանի խոսքով՝ ԱՀԿ վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ պետություններում 53%-ով մասնակի կամ ամբողջությամբ խաթարվել է զարկերակային գերճնշման բուժօգնության պրոցեսը, 49%-ով խախտվել է շաքարային դիաբետի և դրա բարդությւոնների բուժման գործընթացը, 42%-ով խաթարվել է չարորակ նորագոյացությունների բուժման գործընթացը:
«Այսինքն՝ եթե համակարգը պատրաստ չէ ցանկացած արտակարգ իրավիճակի, խնդիրներ են առաջանում արտակարգ իրավիճակով պայմանավորված և տուժած քաղաքացիների բուժման պրոցեսում և բնակչության բժշկական օգնության ու սպասարկման բնականոն գործընթացն է խնդիրներ ունենում: Նախագծի հիմքում այն նախապայմանն է, որ առողջապահական համակարգը ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է կարողանա ամբողջական, միասնական և համակարգված մոտեցում ցուցաբերի»,- նշեց Զեյնալյանը: