Հուլիսի 12-ից սկսած, երբ սկսվեցին ակտիվ հրետակոծումները Տավուշի մարզի ուղղությամբ, ՄԻՊ աշխատակազմն ստացել է բազմաթիվ ահազանգեր և բողոքներ: Առաջին օրվա հրետանային գնդակոծությունները Մովսես գյուղի անմիջական հարևանությամբ էին: Մեր դիտարկումներով` ակնհայտ էր քաղաքացիական բնակչությանը, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու իրական վտանգը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հրատապ հարցմամբ դիմեցի Պաշտպանության նախարին, ունեցանք քննարկում: Իրականացրեցինք միջազգային գործընկերներին տեղեկություններ պատրաստելու և զեկույցներ ուղարկելու խնդրի կատարման ուղղությամբ աշխատանքներ տանել:
Մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից են նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը: Ճիշտ է, այսօր իրականացրել ենք այց Տավուշի մարզ քաղաքացիական բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով, սակայն զինծառայողների իրավունքների հարցերն անմիջական ուշադրության ներքո են»,- ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ փաստահավաք աշխատանքները պահանջում են արագ արձագանք, ուստի այցեր կատարելն անհետաձգելի էր:
«Այցն սկսեցին Բերդ քաղաքից: Այստեղ հրետանակոծության էր ենթարկվել «Տավուշ տեսքտիլը», Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղերից մեկը: Սա խիստ մտահոգիչ և դատապարտելի է, քանի որ «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը գնում»,- նշեց Թաթոյանը` հավելելով ադրբեջանական կողմը նախապես իմացել է, որ կա ոչ ռազմական օբյեկտ և թիրախային վնաս է հասցրել: