2020 թ. հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երեք քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով, հաղորդում են ՔԿ տեղեկատվության բաժնից։
Այսպես. 2020 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ քաղաքի կոնյակի գործարանի ուղղությամբ, որի հետևանքով արկերի պայթյունից վնասվել է գործարանի մեկ հատ էմալապատ տարա և շենք շինությունների ապակիները, իսկ կոնյակի գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2020 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Այգեպար բնակավայրի 7 բնակիչների առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2020 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է 1990թ. մահացած բնակչուհու շիրմաքարը և վերջինիս գերեզմանի 3 մետր երկարություն ունեցող հենապատը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նշված քրեական գործերով կատարվում է նախաքննություն: