Միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին։
Նախ ռուսական Eadaily.com-ում հրապարակվում է ադրբեջանցի քաղաքագետների հարցազրույց, որոնցից Էմիլ Մուտաֆաևը, խոսելով հակամարտության և դրա հնարավոր ելքի մասին, հայտարարում է, թե բախման արդյունքում ադրբեջանական բանակը ունի 11, իսկ հայկականը՝ 100 զոհ։
Այնուհետև վրացական NewPosts լրատվակայքը, հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը՝ կցելով ադրբեջանցիների կողմից հայկական հենակետերի խոցման տեսանյութեր։ Լրատվամիջոցը միևնույն ժամանկ նշում է, որ հուլիսի 12-ից ի վեր՝ հայկական կողմի կորուստների թիվը հասել է 100-ի։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ երկու այս լրատվամիջոցներում հայտնված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացված են միակողմանիորեն։ Հայկական զինված ուժերում հուլիսի 12-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով գրանցվել է 4 մահ, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով, իսկ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։