Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: Ամերիկյան հեղինակավոր «Ասոշիեյթիդ Պրես» պարբերականը գրում է, որ վերջին օրերին տեղի ունեցող բախումներն ամենալուրջն են 2016 թվականի քառօրյա մարտերից հետո:
Հոդվածում մեջբերվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները քաղաքացիական անձանց օգտագործում են որպես վահան՝ հրետանի տեղակայելով սահմանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Դոն-դար Ղուշ-չու գյուղի մոտակայքում: Այս թեմային անդրադարձել են նաև հեղինակավոր New York Times, «Վաշինգթոն Փոսթ» պարբերականները:
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ։ Զոհրաբ Մնացականյանը Մոհամմադ Ջավադ Զարիֆին է ներկայացրել Բաքվի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում: «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»:
Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության վերականգնման հույս է հայտնել նաև Բելառուսը: Արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։
Միացյալ Թագավորությունը կոչ է արել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները՝ հայտարարել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը: Բրիտանիայի ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը։ Մեծ Բրիտանիան վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը:
Արձագանք կա նաև Կիպրոսից։ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Իսկ Կիպրոսի երկրի խորհրդարանի նախագահը Թվիթերում գրել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներով և բախումներով: Դեմետրիս Սիլու-րիսի խոսքով՝ իրենք սատարում են հայ ժողովրդին, հուսով են՝ հակամարտությունը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։