ՀՀ զինված ուժերն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի, վստահաբար կարող եմ պնդել, չեն թիրախավորել: Այլ է հարցը, ինչն արդեն ապացուցված է, որ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորում են իրենց իսկ բնակչությանը` տների բակերում և հարակից տարածքներում տեղակայելով ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք պարտադիր են ոչնչացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Լուրերի» այն հարցին, թե կարո՞ղ ենք ժամանակավոր այս անդորրը դիտարկել այն տեսանկյունից, թե ադրբեջանական կողմը փորձում է զինադադարի առաջարկով հանդես գալ և թե հայկական կողմն ինչ զինատեսակներ է օգտագործում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Հայկական կողմն օգտագործում է մեր ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնված զինատեսակների մեծ տեսականին: Խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի, ամենահեռահար միջոցների մասին: Դրանց անհրաժեշտությունը չի եղել, քանի որ կոնֆլիկտի մակարդակը լոկալ է: Հրադադարի պահով չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված. կարող է ունենալ ռազմական կամ այլ բաղադրիչներ»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով վիրավորներին` Հովհաննիսյանը նշեց, որ նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: