Լիբանանի իշխանությունների վրա Անկարայի կողմից գործադրվող ճնշումների արդյունքում լիբանանահայ հեռուստահաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը հոկտեմբերի 8-ին Լիբանանում կկանգնի դատարանի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան վիրավորելու մեղադրանքով:
Թուրքիայի հետ Լիբանանի հանրահայտ Al-Jadid հեռուստաշոուի հաղորդավարի խնդիրները սկսվեցին հունիսի 10-ին, երբ մի հեռուստադիտող զանգահարել էր նրա շոուին և վիրավորել հեռուստահաղորդավարին հայ լինելու համար: Տեր-Հարությունյանն Էրդողանին անվանել էր «զզվելի օսման», քանի որ թուրք նախագահն ու նրա ռեժիմը հերքում են 1915-ին հայերի կոտորածը: Մոտ 150,000 լիբանանահայ սերում են Ցեղասպանությունից վերապրածներից:
Հեռուստատեսային միջադեպից քիչ անց Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգից մի փոքր խումբ Բեյրութում սկսել է բղավել հակահայկական կարգախոսներ: Լիբանանի թուրքամետ ակտիվիստ Մունիր Հասանը ինտերնետում տեղադրել է մի տեսանյութ, որում Տեր-Հարությունյանին կոչել է «հիմար շուն» և ասել. «Մենք՝ թուրքերս, հպարտանում ենք այն ջարդերով, որոնք մեր Օսմանյան նախնիները կատարեցին հայերի դեմ, որովհետև դուք դրան արժանի եք»: Տեսանյութը դարձել է վիրուսային:
Թուրքիայի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Լիբանանի արտաքին գործերի նախարարությանը, որում նշվում է, որ Տեր Հարությունյանն անցել է խոսքի ազատության սահմանները և պահանջել է, որ լիբանանյան ԶԼՄ-ները ցույց տան անհրաժեշտ հարգանք Թուրքիայի նախագահի և ժողովրդի հանդեպ: Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը դատի է տվել տեղեկատվության նախարարությանը՝ ասելով, որ երբ մասնագիտական էթիկան դուրս է գալիս սահմաններից և բացասաբար է անդրադառնում օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վրա, պետք է օրենքին համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Այնուհետև դատախազությունն ընդունել է քրեական բողոք Տեր-Հարությունյանի դեմ՝ Թուրքիային վիրավորելու համար:
Թուրքական օրենքով մեղադրյալին առնվազն չորս տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարծում է, որ Տեր-Հարությունյանի դեպքն արտացոլում է Թուրքիայի ներքին լարվածությունը: