Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել, առկա զինամթերքը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ի հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք Հայաստանը կդիմի՞ ՌԴ-ին՝ հավելյալ զենքի մատակարարման խնդրանքով՝ կապված սահմանին իրավիճակի լարման հետ՝ դեսպանը պատասխանել է՝ այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարման կարիք չկա:
Տողանյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ՝ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:
«Այս պահին նման անհրաժեշտություն չկա, սակայն, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա դեպքերի ընթացքը: Միևնույն ժամանակ կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության շրջանակներում, որի անդամ են նաև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, սահմանի ամբողջ երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող մոնիթորինգային խումբ ստեղծելու հարցը եղել է ու կա, սակայն Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է այդ գաղափարից՝ նախագահի շուրթերով հնչեցնելով այն տեսակետը, թե պետք է հույսը դնել բացառապես ուժային լուծման վրա»,- շեշտել է նա ու հավելել, որ Հայաստանը չի ցանկանում, որ ինչ-որ մեկի զինվորը կռվի տարածաշրջանում:
Տողանյանի խոսքով, ՀԱՊԿ դիմելով՝ ընդամենը նպատակ է եղել ուշադրություն հրավիրել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նկատմամաբ՝ քաղաքական հարթության վրա: