Հուլիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի փոխարինող նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հունաստանի նախագահության առաջնահերթությունները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում հունական նախագահության առաջնահերթությունները՝ հաստատելով Հայաստանի աջակցությունը դրանց իրագործման հարցում:
Ավետ Ադոնցը, մասնավորապես, ընդգծել է մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայության լիարժեք հարգանքի հիման վրա մարդու կյանքի և հանրային առողջապահության պաշտպանության կարևորությունը համավարակի պայմաններում:
Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է գագաթաժողովի անցկացման կարևորությունը, ինչպես նաև առանձին ոլորտներում աշխատանքների ակտիվացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Ավետ Ադոնցը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: