Երեկ՝ ժամը 18:00-ից սկսած, լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում: Կրակոցները գնալով քչացել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Մոտ կեսգիշերից սկսած՝ 12:15-ից, գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել: Չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն, բայց մինչև այդ ժամը եղել են որոշակի կրակոցներ: Առավոտյան ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարեց այս մասին և նշեց, որ մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ դրանից հետո հանգիստ է իրավիճակը, և Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
Հովհաննիսյանը անդրադառնալով հայկական կողմի 4 անձանց կորուստներին՝ Գարուշ Վեմիրի Համբարձումյան, կապիտան Սոս Փայլակի Էլբակյան, կրտսեր սերժանտներ Գրիշա Վահանի Մաթևոսյան և Սմբատ Գեորգիի Գաբրիելյան, ցավակցական խոսք ասաց զոհվածների ընտանիքներին: Նա նաև հայտնեց, որ երեկ հակառակորդը ևս ամփոփել է իր կորուստները, ասաց, չգիտի՝ որքանով են դրանք վերջնական, բայց 12 անուն էր շրջանառվում: