Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` մանրամասներ հայտնելով ԱՀ նախագահի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ այցելությունից:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ:
Բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:
Հանրապետության Նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք կապահովվեն կացարաններով և սննդով:
Հավելեմ, որ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:
Հ.Գ. Մենք բոլորս Տավուշի սահմանապահների ու բնակիչների կողքին ենք: Ցավակցություններս Հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոս տղաների հարազատներին»,- գրել է նա: