«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Փոփոխությունը ենթադրում է համավարակով պայմանավորված՝ անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:
«Կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորները, իրենց կամքից անկախ, հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու՝ պայմանավորված առողջական խնդիրներով»,- նշեց Հովակիմյանը:
Հարցով հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ միջազգային փորձին այս ինստիտուտը խորթ չէ, մի շարք երկրների խորհրդարաններ կիրառում են այն տարբեր իրավիճակներում: