Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու նախագիծը՝ 80 կողմ, 18 դեմ ձայներով:
Նշենք, փոփոխությունը ենթադրում է համավարակով պայմանավորված՝ անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:
ԱԺ-ն 80 կողմ, 18 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նշենք՝ Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
«Բանակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունվեց 98 կողմ ձայնով:
Նշենք՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ, այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, դեմ 1, ձեռնպա 4 ձայներով:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 90 կողմ, դեմ 1, ձեռնպահ 4 ձայներով:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության կողմից հաստատված կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը: