Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության
ռազմավարությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում
4.1 Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա նպատակներն են պետության ինքնիշխանության, անվտանգության և զարգացման ապահովումը, ինչպես նաև երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայրի ձևավորումը: Արտաքին հարաբերություններում Հայաստանը հիմնվում է իր քաղաքակրթական և ժողովրդավարական արժեհամակարգի, ինչպես նաև բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացման տրամաբանության վրա:
4.2 Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնում է երեք հիմնարար, համալիր և փոխկապակցված սկզբունքների հիման վրա. ինքնիշխանության՝ որպես արտաքին քաղաքականության իրականացման հիմնարար պայմանի, համահայկականության՝ որպես հայության հավաքական շահերի գիտակցման ու իրագործման գաղափարի, փոխգործակցության՝ որպես պետությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների կայացման միջոցի:
4.3 Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար:
4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
4.5 Հայաստանը ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր բաղադրիչներ և շարունակելու է սատար կանգնել այս արժեքների արմատավորմանը։
4.6 Միջազգային և տարածաշրջանային ուժային կենտրոնների և կառույցների միջև աճող լարվածության համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային բազմակողմ հարթակների՝ այդ թվում միջազգային անվտանգային կազմակերպությունների դերը և այդ կազմակերպությունների ներսում համագործակցության պահպանումը և ամրապնդումը, ինչպես նաև դաշնակիցների կողմից միմյանց շահերի և փոխօգնության սկզբունքների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի իր սերտ համագործակցությունն այն համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների հետ, որոնք հանդես են գալիս խաղաղության և կայունության պահպանման դիրքերից և պատրաստ են համագործակցել խաղաղությանը սպառնացող վտանգների զսպման գործում:
4.7 Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա։ Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքներով՝ ջանքեր կգործադրվեն երկկողմ ձևաչափում, բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
4.8 Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով։
4.9 Հայաստանը խիստ կարևորում է բարեկամական հարաբերությունների խորացումը և երկկողմ ու բազմակողմ գործընկերության ընդլայնումը Եվրոպական միության, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը կշարունակի նպաստել Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումների օրակարգին: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև մարդկանց շփումների և շարժունակության ակտիվացման ուղղությամբ:
4.10 Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հիմնվելով Վրաստանի և Իրանի հետ մեր փոխշահավետ, առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների վրա՝ Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով՝ միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից:
4.11 Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը՝ միտված փոխշահավետ գործակցության խորացմանը:
4.12 Մենք հետևողականորեն խորացնելու ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով:
4.13 Հայաստանն աշխատելու է նաև Հնդկաստանի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ:
4.14 Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի երկրների հետ մեր առաջնայնություններից է: Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաձևավորման գործընթացներում Հայաստանը պետք է ունենա իր ներգրավվածությունը, որը միտված կլինի նաև տարածաշրջանի երկրներում հայության պատմական ներկայության պաշտպանությանը։
4.15 Հայաստանը կարևորում է համախոհ երկրների հետ համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերով, որոնք նպատակ ունեն արդյունավետ բազմակողմանիության միջոցով նպաստել գլոբալ ու տարածաշրջանային սպառնալիքների չեզոքացմանը, միջազգային կարգի ու խաղաղության պահպանմանը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա։
Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում
4.16 Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը ծառայում է պետության և նրա քաղաքացիների պաշտպանության, անվտանգության և ազգային շահերի ապահովմանը: Պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրականացումը՝ ռազմական սպառնալիքները կանխորոշելու, դրանք քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով կանխարգելելու, ինչպես նաև պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով: Մենք այս առաքելությունն իրագործում ենք ռազմական կարողությունների և միջոցների համալիր զարգացման, դրանց առաջանցիկ կիրառման միջոցով՝ միտված հակառակորդի քանակական առավելությունը մեր որակական գերազանցությամբ չեզոքացնելուն: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաև Արցախի անվտանգության ապահովմանը:
4.17 Պաշտպանական ոլորտում մեր նպատակներին հասնելու համար մենք շարունակելու ենք արդիականացնել մեր զինված ուժերը, զարգացնել զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգը, ընդլայնել զինված ուժերի կարողությունները և բարձրացնել դրանց ինստիտուցիոնալ արդյունավետությունը, առանցքային ենթակառուցվածքների պաշտպանվածության և երկրի կիբեռանվտանգության մակարդակը, զարկ տալ ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև զարգացնել երկրի զորահավաքային համապարփակ կարողությունները։
4.18 Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ հնարավոր ագրեսիան զսպելու հրամայականը մեզնից պահանջում է ռազմաքաղաքական սպառնալիքներին դիմագրավող արդյունավետ պաշտպանա-անվտանգային համակարգի ձևավորում: Այս նպատակին մենք հասնելու ենք մասնավորապես զինված ուժերի պատրաստվածության բարձրացման, պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման, Հայաստանի ռազմարդյունաբերական կարողությունների զարգացման և ռազմատնտեսական համագործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով։
4.19 Մենք խորացնելու ենք պետական կառավարման մարմինների փոխգործակցությունն անվտանգությանն առնչվող կարևոր որոշումների կայացման գործում, ինչն իր հերթին կնպաստի պետության ներքին դիմակայունության ուժեղացմանը:
4.20 ՀՀ զինված ուժերը անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ շարունակելու են մասնակցությունը միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների և մասնագետների ներգրավմամբ և այս ոլորտում Հայաստանի հանձնառությունների ընդլայնմամբ:
4.21 Մենք հետամուտ ենք պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնմանը՝ ուղղված զինված ուժերի արդյունավետ ղեկավարման, քաղաքական չեզոքության, զինծառայողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, զինված ուժերի գործունեության թափանցիկության ապահովմանն ու զինված ուժերի՝ որպես իրավական պետության անբաժանելի տարրի զարգացմանը:
Արցախի անվտանգության ապահովում
4.22 Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է:
4.23 Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակել է արդարացնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Գանձակում հայերի հանդեպ իրագործված զանգվածային ջարդերը և հայատյաց քաղաքականությամբ խոչընդոտել է հաշտեցմանը:
4.24 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը:
4.25 Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:
4.26 Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:
4.27 Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։
4.28 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:
4.29 1994-1995թթ. հրադադարի անժամկետ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև, ամրագրել են ռազմաքաղաքական հավասարակշռություն և պայմաններ են ստեղծել խաղաղ գործընթացի համար: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:
4.30 Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական անվտանգության հետագա ամրապնդմանը: Մարդու իրավունքները՝ ներառյալ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, անօտարելի արժեքներ են, և դրանց լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ նաև միջազգային հանրության համար:
4.31 Հայաստանի Հանրապետությունը հետևողական ջանքեր է գործադրելու, որպեսզի Արցախի ազգաբնակչության վրա ամբողջությամբ տարածվեն և ճանաչվեն սեփական ճակատագիրը տնօրինելու, պետական կառուցվածքը, տնտեսական զարգացման ձևերն ու եղանակներն ազատորեն որոշելու, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով կառավարություն ընտրելու ժողովուրդների համընդհանուր իրավունքները:
4.32 Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից:
(շարունակելի)