Ի՞նչ տրամաբանությամբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայտնվեցին ՀՀ սահմանում. Ինչպե՞ս սրվեց իրավիճակը. 1lurer.am-ը հավաքել է դեպքերի ժամանակագրությունը:
«ՍՈՒ-30CM»-ՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀՀ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
ՍԱՀՄԱՆԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում՝ ժամը՝ 15:57 գրառում է կատարել, տեղեկացնելով, որ այդ պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոր տեսանյութում երևում է, թե ինչպես է հակառակորդը կրակ բացում հայկական բնակավայրերի ուղղությամբ:
ՄԻՊԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
«Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,-ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
ՀՈՒԼԻՍԻ 15. ՃԵՊԱԶՐՈՒՅՑ- ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՒԼԻՍԻ 14. ԲՐԻՖԻՆԳ- ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիսի 14-ին, երեկոյան «Լուրերի» ուղիղ եթերում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ասաց․«Ցավոք, օրվա ընթացքում ունեցել ենք գնդակոծություններ, ռմբակոծություններ մեր համայնքներում: Վնասվել են տներ, ունեցել ենք հրդեհներ, որոնք մարվել են: Բարեբախտաբար, քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, ամեն ինչ հսկողության ներքո է»։
ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՈՑԱԾ ԱԹՍ-Ն՝ ՇՈՒՐՋ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐ
«Հայկական զինված ուժերի կողմից այսօր խոցված ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ի արժեքը գնահատվում է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար:Ընդ որում՝ սա իսրայելական արտադրության այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է»,- ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
«Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք՝ թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է Մոնթե Մելքոնյան հայկական կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «Elbit Hermes 900» ԱԹՍ-Ի ԽՈՑՈՒՄԸ
Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին , ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակում է կադրեր, թե ՀՀ ԶՈՒ-ն ինչպես է խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է՝ «Երևի սա Hermes 900 ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԶՈՀ
Հուլիսի 14-ին երեկոյան՝ 18:12-ի սահմանում, ՊՆ մամուլի խոսնակը գրառում կատարեց տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ տեղեկացրեց, որ կան վնասված բնակելի տներ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 14-ին Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում 12 լեզվով կատարել է հետևյալ գրառումը. «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԱՆԸ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ Է ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՎ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 14-ին՝ ժամը 16:19-ին ֆեյսբուքում գրեց, որ արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ստեփանյանը նշել էր, որ Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈՒ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։
ԱԹՍ-Ի ԽՈՑՈՒՄ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պաշտպանության նախարարությունը հրապարակեց գիշերային պատժիչ գործողությունները ներկայացնող նոր տեսանյութ:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՄԱՀԸ
Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում ժամը 13:12-ին տեղեկացրեց, որ հաստատվել է ադրբեջանցի գեներալի մահվան լուրը:
ՄԻՊ- ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Մարդու իրավունքների պաշտպան,ժամը 12:34. «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար»։
ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ՝ «Պատժիչ գործողություններ» խորագրով: Այն ներկայացնում է, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ինչպես են ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
ԱԹՍ-Ն՝ ԲԵՐԴՈՒՄ
Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում՝ 11:15-ին, գրեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՀՈՒԼԻՍԻ 14. ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում՝ ժամը 07:41-ին, գրառում կատարեց` տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Հուլիսի 14-ի առավոտյան՝ ժամը 08:41-ին, ՊՆ մամուլի խոսնակն էլ գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՏԱՆԿԻ ՇԱՐԺ. ԿԱՍԵՑՈՒՄ ԿՐԱԿՈՎ
Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այս մասին հուլիսի14-ին՝ ժամը 08:41-ին, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ԽՈՑՎԱԾ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԸ
«Իմ քայլը» խմբակցության անունից հուլիսի 13-ի ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մեր զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ թե մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին, որը կեղծ տեղեկատվությամբ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 12 զոհ:
ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի սահմանում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը 1lurer.am-ին հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել:
ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂ - ԱՐԿԵՐ
Հուլիսի 13-ին` ժամը 16:27-ին, ՊՆ մամուլի խոսնակը կրկին Ֆեյսբուքի էջում գրառում կատարեց՝ այս անգամ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինված ուժերը 120 մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։
ԱԹՍ-ի ԿԻՐԱՌՈՒՄ
ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 14-ին՝ ժամը 15:26-ին, տեղեկացրեց. «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել են։ ՀՀ ԶՈՒ-ն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։
ԱԼԻԵՎ - ՀՐԱՏԱՊ ՆԻՍՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին հեռավար ռեժիմով անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացրեց: Նա հանդես եկավ ելույթով, որից հետո նիստն ընթացավ դռնփակ:
ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂ - ԿՐԱԿՈՑՆԵՐ
Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանը հայտնեց, որ գյուղի վրա կրակոց չկա, կրակոցները միջդիրքային են: Նա ասաց, որ գյուղում խուճապ չկա, եկեղեցում կատարվել է խաղաղության աղոթք:
ՄԻՊ - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով: Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
ՈՒԱԶԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՄՈԼՈՐՅԱԼ» ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ հատուկ նիստում հուլիսի 13-ին,պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին զեկուցեց, որ հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպից հետո տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, վերսկսվում է հրետակոծությունը: Դադարը եղել է գիշերը՝ 3:30-5:30-ի սահմանում: Տոնոյանի խոսքով՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում. արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի:
ՄԱՐՄՆԱԿԱՆ ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 13-ին՝ առավոտյան 10:35-ի սահմանում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՅԻ ՄԱՀ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):
ՀՈՒԼԻՍԻ 13՝ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ
Հուլիսի 13-ին՝ առավոտյան 08:19-ին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ հակառակորդն առավոտյան վերսկսել է սադրիչ գործողությունները և շարունակում է հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ: «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել էր Շուշան Ստեփանյան:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ
ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 13-ի գիշերը 01:13-ին գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ կրակոցները պարբերաբար, տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են։
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին:
ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Հուլիսի 12-ին՝ 22:49-ի սահմանում, ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում կրկին գրառում կատարեց՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմն սկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ՝ 2 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՓՈՐՁԸ
Հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: