ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, իրականացնում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիր՝ հաղորդում են ՏԿԵ նախարարության մամուլի բաժնից։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,2 կիլոմետր նոր բաշխիչ ցանց՝ իր բոլոր կառուցվածքներով. այդ թվում նախատեսվում է կառուցվող հատվածի 318 սպառողների ջրաչափերի տեղադրում: Ջրաչափական հանգույցների տեղադրումով կկարգավորվի նշված հատվածի բնակիչների ջրամատակարումը:
Նախատեսված է վերանորոգել 350 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, ինչպես նաև ևս 3 օրվա կարգավորիչ ջրամբարի սանիտարական գոտիների կառուցում, իսկ 500 խորանարդ մետր և 350 խորանարդ մետր ջրամբարների վրա ջրի քլորացման համար կառուցվում են քլորակայաններ:
Ներդրումը կազմում է ավելի քան 155 միլիոն դրամ, համայնքի ներդրումը շուրջ 28 միլիոն դրամ է, որով իրականացվում են 5 ճյուղերի և ենթաճյուղերի խրամուղիների փորման շինարարական աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվում են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչով, որի կառավարումն իրականացնում է ՏԿԵ նախարարությունը: