Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք ստացել են միջին և թեթև կարգի վնասվածքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական զինված ուժերը սադրանք են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ, տեղի են ունեցել մարտական գործողություններ: Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը: Մասնավորապես, Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար, որն ընթացքում վերականգնվել է: Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Բարեբախտաբար, զոհեր չունենք:
Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր: Մենք վաղը կփորձենք տեղում տեսնել այդ ավերածությունները: Նրանք կիրառել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ: ՀՀ ԶՈՒ-ն ամբողջ հրետակոծության ընթացքում կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները և լռեցրել հակառակորդին հնարավոր բոլոր ձևերով:
18:00-ից սկսած սահմանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է, շատ քիչ կրակոցներ կան, կա լարվածության նվազում: Կան վիրավորներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթացքում կփորձենք իրազեկել նրանց վիճակի մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։ «Վաղն ավելի ստույգ կասեմ թիվը։ Հուլիսի 12-ից սկսած՝ մինչև այսօր ներառյալ, այդ թիվը մոտենում է 10-ի»: