ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել:
Այսօր տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: Շենգավիթում կասեցվել է շինանյութի, իսկ Մալաթիա-Սեբաստիայում հագուստի առևտրով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները:
«Առինջ մոլում» 24 ժամով կասեցվել է շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող մի շարք տնտեսավարողների գործունեություն: Այստեղ ևս հիմնական թերությունները կապված են եղել ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:
ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: