«Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջագային սահմանի երկայնքով ծավալվող բռնությունը»,- նշված է ամերիկյան պետքարտուղարության հաղորդագրության տեքստում, որը տարածվել է մեր թղթակցի կատարած հարցման արդյունքում։
Արտաքին գերատեսչության խոսնակ Մորգան Օրթագուսի անունից ստացված տեքստում նշվում է.
«Կողմերից պահանջում ենք անհապաղ վերջ տալ ուժ կիրառելուն` հետագա լարվածությունից խուսափելու համար, օգտագործել ուղղակի շփման կապերը և խստապես հետևել հրադադարին»։
Ամերիկյան արտաքին գերատեսչությունը վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր աջակցելու կողմերին Արցախյան հակամարտության գոտում մնայուն կարգավորման հասնելու համար։
«Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբին` կոչ անելով հնարավորինս արագ վերսկսել բովանդակային բանակցությունները` ընդգծելով պայմանների առկայության դեպքում ԵԱՀԿ դիտորդների հնարավորինս արագ տարածաշրջան վերադառնալու կարևորությունը»,- նշված է հայտարարության եզրափակիչ մասում։