Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց:
Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները՝
1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ (օրինակ` սառնարան, հեռուստացույց).
2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (օրինակ` ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները).
3. անձնական գործածության իրեր և օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների (օրինակ` հագուստ, սպասք).
4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ և դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական:
«Չափաքանակները սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ և համապատասխանում է օրենսդրության պահանջներին, կարող է օգտվել արտոնությունից»,-պարզաբանում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Փաստաթուղթը տրամադրվում է օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ: Կարևոր է իմանալ, որ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից (17.04.2020 թ. ընդունված ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք):
Պահանջներին բավարարելու դեպքում՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը տրամադրվում է ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում:
Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին ([email protected]): Անհրաժեշտ է նշել ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշը և քանակը:
Պետք է կցել նաև հետևյալ փաստաթղթերը (ՀՀ Կառավարության 02.07.2020 թ. 1131-Ն որոշում).
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին:
2) Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:
3) Մինչև Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը:
4) Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։
5) Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս` օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։
Մաքսային մարմնի պահանջով դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:
Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինն աշխատանքային երեք օրվա ընթացքում թույլատրում է առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները նաև տրանսպորտային միջոցը: Կամ մերժում է, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները:
Մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաև այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրվա ընթացքում մաքսային մարմինն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով: Միաժամանակ կցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ ուշ, քան աշխատանքային չորս օրվա ընթացքում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է:
Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել: «Կարևոր պայմաններից է նաև, որ գույքը ձեռք բերված լինի անձի կողմից մինչև մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի տրամադրումը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենան, մոտոցիկլետն առնվազն 6 ամիս մինչև այդ փաստաթղթի համար դիմելը պետք է հաշվառված լինեն և հանդիսանան տվյալ անձի սեփականությունը բնակության նախորդ երկրում»,-նշում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Ուշադրություն: Բնակության նախորդ երկրից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծում կարելի է իրականացնել ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` այն պահից, երբ օտարերկրյա ֆիզիկական անձը կստանա մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող կամ Հայաստանում փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթերը։