2020 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է նշված առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: