Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։
Բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում և արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։
Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։
Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ բուժաշխատողների խումբն անցկացնում է ուսուցողական դասընթացներ կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման և այլ հարցերի շուրջ։ Այս խմբի խնամքի տակ են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։
«Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը։ Նրա խոսքով՝ այդ մասնագետներն անցել են ԱՀԿ որակավորում ըստ նախապես սահմանված չափանիշների և տիրապետում են տարբեր երկրների առողջապահական համակարգերին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմին։
Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, այնուհետև էլ կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ և դասընթացներով։
Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչի։