ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին:
Փաստաթղթում ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կար, ի՞նչ առանցքային կետեր ու մարտահրավերներ են ընդգրկվել: 1lurer.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանի խոսքով՝ նոր փաստաթուղթը նախորդի համեմատ բավական արդիական է, քանի որ 2007-2020 թվականների միջակայքը շատ երկար է՝ զարգացող դարաշրջանում ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ:
«2007 թվականին ընդունված փաստաթուղթն այլևս արդիական չէր, և, կարելի է ասել, այն պարզապես որպես ուղեցույց էր ծառայում»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ փաստաթղթում ներկայացված է նոր մարտահրավերների դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը:
Ըստ նրա՝ փոփոխության համար անհրաժեշտ գործոններից էր նախ բարձր տեխնոլոգիաների անվտանգության գործոնը: Անդրադառնալով ռազմավարության մեջ Հայաստանի հետագա զարգացմանը միտված ուղղություններին՝ փորձագետն ասաց. «Ավելի շատ շեշտը դրված է միջազգային հարաբերություններում Հայաստանի ինքնիշխանության վրա, մյուս գործընկեր պետությունների վրա, Արցախի անվտանգության երաշխավոր լինելու վրա: Այս առումով բավականին հետաքրքիր շեշտադրումներով է փաստաթուղթը կառուցված, և կարող եմ ասել նաև, որ նախկին փաստաթղթի պաշտպանողական բնույթից մենք դուրս ենք եկել արդեն: Կարծես արդեն փորձում ենք գնալ թելադրողի դիրքերից հանդես գալու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ փաստաթղթի մեջ կարծես կոչերի կամ ցանկությունների տեսքով էր այդ ամենը, իսկ այս ռազմավարությամբ ավելի շատ փորձ է արվում թելադրողի դիրքում լինել, այսինքն՝ խաղաղության ճանապարհներն ենք ուղղորդում: «Իսկ նախկինում պարզապես շեշտը դնում էինք միջնորդ երկրների կամ այլ երկրների ներգրավվածության միջոցով խաղաղության հասնելու վրա»,- ասաց փորձագետը:
Փաստաթղթում նաև կարմիր գծով անցնում է ինքնիշխանության ռազմավարությունը, որտեղ շեշտվում է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կառուցման առումով հավասարազոր պետության շահերից հանդես գալու դիրքորոշումը:
«Այս փաստաթղթում շեշտվում է այս ժամանակաշրջանում շատ զգայուն թեմա՝ Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը և Արցախի հարցում միակ երաշխավոր լինելու հարցը: Նախկին փաստաթղթում կրոնական և դավանանքի տողում շեշտադրումը առանձին տողով այսպես սահուն չկար: Այս փաստաթղթում դա շեշտված է»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքով՝ նոր ռազմավարության մեջ կա կետ, որում խոսվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնիշխանության մասին, մյուս կողմից՝ շեշտադրվում է, որ Հայաստանը հանդիսանում Արցախի միակ երաշխավորը, այն անվտանգության գծերը պետք է լինեն, որոնք երաշխավորել են Արցախի անվտանգությունը:
«Անցած փաստաթղթում չկար, որ Արցախի ժողովուրդը կարող է իր անվտանգությունը կամ ինքնիշխան լինելու հանգամանքը քվեարկության կամ ինչ-որ միջոցով, մեթոդով իրականացնել: Այստեղ ոչ միայն հայ բնակչության մասին է խոսքը գնում, այլ նաև այն բնակչության մասին, որոնք այդտեղ ժամանակին ապրել են: Հնարավորություն է նաև ընձեռվում այդ մարդկանց արտահայտել իրենց կամքը, սակայն լինել Արցախի Հանրապետության կազմում: Սա է, որ մեզ մղում է խաղաղ գործընթացների»,- ընդգծեցՀովհաննիսյանը:
Փատաթղթում նշված է, որ 5 տարին մեկ ռազմավարությունը պետք է վերանայվի: Հովհաննիսյանն ասաց, որ ժամանակակից աշխարհը զարգանում է շատ արագ տեմպերով, և կարիք կա անգամ 3 տարին մեկ թարմացնել կետերը, վերանայել դիրքորոշումներն ու նոր ուղղություններ որդեգրել:
«Օրինակ՝ զարգացող աշխարհում Թուրքիան ինչ մարտահրավերներով է առաջ գնում, և գոնե Թուրքիայի մասով մենք պետք է վերանայենք այս փաստաթղթում մեր դրույթները, ռազմավարությունը, ըստ այդ ռազմավարության կարողանանք Թուրքիայի հետ թեկուզ այդ հարաբերությունները կառուցել»,- ասաց փորձագետը:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ռազմավարությամբ սահմանվում է՝ գերատեսչությունները հաշվետու պետք է լինեն, թե որքանով են իրենց գործողությունները համապատասխանել փաստաթղթում ուղենշված գործողություններին: