Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց հետաձգել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանների՝ միջնորդությունների լուծումը: Հիշեցնենք՝ ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթն ու դիմել ՍԴ:
Դատավորը տեղեկացրեց, որ թեև գործի վարույթը կասեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում, սակայն տվյալ դեպքում ինքն այդ քայլին չի դիմում, քանի որ միջնորդությունների քննության արդյունքում ակնհայտ է դարձել՝ դրանց լուծումը անհնար է, մինչ լուծման համար էական հանգամանքների պարզումը։
Դանիբեկյանը վկայակոչեց նաև այդ հանգամանքները: Ըստ նրա՝ այժմ Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում պաշտպանների բողոքը՝ Վերաքննիչ դատարանի այն որոշման դեմ, որով բեկանվել էր առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու որոշումը: Բացի այդ, ըստ դատավորի, ՀՀ ՍԴ-ում առաջին ատյանի դիմումի հիման վրա քննության առարկա է հանդիսանում Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը: