Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Լուրերի» թղթակից Հայկ Նավասարդյանի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ տեղեկացրեց, որ կան վնասված բնակելի տներ:
«Այս պահին իրականացնում ենք վնասի գնահատում, որպեսզի օգնենք այդ տների բնակիչներին՝ իրենց կենսապահովման հարցերը լուծելու: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ կամ վնասներ չունենք: Ինչպես երկու օրվա ընթացքում, այս պահին ևս ընդհանուր առմամբ ժողովրդի ինքնազգացողությունը հանգիստ է. խուճապի մասին խոսք լինել չի կարող: Ամեն օր մենք աշխատում ենք լրացուցիչ ավելացնել դիմակայունության մակարդակը, մարդկանց քաղաքացիական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքներ են կատարվում ենթակառուցվածքների, կենսապահովման, անվտանգության ապահովման տեսանկյունից: Այսօր հերթական անգամ ունեցանք այնպիսի օր, որը մեզ համար որոշակի փորձաշրջան դարձավ նաև հասկանալու, թե ինչքանով ենք մենք պատրաստ նմանատիպ վիճակների»,- ասաց մարզպետը:
Նա նաև ընդգծեց, որ չեն կարող իհարկե ասել, որ այս իրավիճակը չի ազդում մարդկանց աշխատանքի, աշխատունակության վրա: Սակայն մարզպետն ընդգծեց՝ հույս ունի, որ մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքի և գործունեության շնորհիվ օր առաջ սահմանները կխաղաղեցվեն: