Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 941-րդ հոդվածի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:
Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով»,- նշված է հաղորդագրության մեջ: