Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին:
Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից:
«Պետական այս քաղաքականության նպատակն առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երևույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետևողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը:
Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը:
Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները և աջակցություն հայտնել դրանց հետևողական իրականացման գործում: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները: