Տավուշի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակը շարունակվում է: Շարունակվում են նաև քաղաքացիական պաշտպանության իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս մասին «Լուրերի» ուղիղ եթերում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Ցավոք, օրվա ընթացքում ունեցել ենք գնդակոծություններ, ռմբակոծություններ մեր համայնքներում: Վնասվել են տներ, ունեցել ենք հրդեհներ, որոնք մարվել են: Բարեբախտաբար, քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, ամեն ինչ հսկողության ներքո է, մեր բանակն իր խնդիրը լուծում է սահմանին, որը մեզ հնարավորություն է տալիս հանգիստ լինել:
Լարվածություն որոշակի կա, խուճապ չկա, կա զգոնության բարձր մակարդակ: Վարչական ղեկավարությունը, համապատասխան ծառայությունները, բնակչության այն հատվածը, որը կարող է և ունի այդ հնարավորությունը ներգրավված է պաշտպանունակության, գյուղի դիմադրողականության, դիմակայունության բարձրացման աշխատանքում»,- նշեց նա: