Ազգային ժողովը հատուկ նիստում ի գիտություն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու կառավարության որոշումը: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն, գնահատեց հիմնական զեկուցողը՝ պարետ Տիգրան Ավինյանը՝ իրավիճակը բնորոշեց մտահոգիչ, սակայն կառավելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից:
Առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, բացատրեց փոխվարչապետն ու նկատեց՝ ակնկալիքներ կան, որ առաջիկայում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի: Կառավարությունն այժմ դիտարկում է այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կանխել վարակի տարածումը:
Պարետը մանրամասն անդրադարձավ նաև համաճարակային ներկա դրությանը: Վարակվածների և բուժվածների թվերը ներկայացնելուց հետո Ավինյանը տեղեկացրեց՝ մարտի կեսից մինչև օրս Հայաստան են վերադարձել հազարավոր քաղաքացիներ: Շարունակվում է նաև առողջապահական ոլորտում հնարավորությունների ընդլայնումը: Վերապատրաստվում են բուժաշխատողներ, ավելանում են թեստավորումները: Դիմակ դնելու հարցում, ըստ Ավինյանի, հանրային կարգապահությունը դեռ բավարար չէ:
Պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծությունը ցույց է տալիս, որ հունիսի 28-ի դրությամբ` վարակի վերարտադրման գործակիցը 0.8 է և շարունակում է անկում ապրել: Սա նշանակում է, որ 10 մարդ կարող է վարակել 8-ի: Ավինյանի փոխանցմամբ՝ այս արդյունքին էապես նպաստել է դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը: Ավինյանը չբացառեց նոր սահմանափակումների կիրառումը, սակայն շեշտեց՝ պետության համար դա շարունակում է մնալ ամենաանցանկալի տարբերակը:
Ինչո՞ւ մեր քաղաքացիները Ռուսաստանից իրենց մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հարցերի փուլում պարզաբանում խնդրեց «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը: «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանն էլ ներկայացրեց որոշման նախագիծ՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքը չեղարկելու մասին: Ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծն, այդուհանդերձ, քվեարկությամբ մերժվեց: