Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը:
Ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Միջնորդությունները ներկայացրեցին պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Հովհաննես Խուդոյանը:
Պաշտպանների կարծիքով, քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածը, որ վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, 2008 թվականին գործող օրենսդրությամբ որպես առանձին հոդված չի եղել, այլ եղել է 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման կազմում։
Դատախազության դիրքորոշմամբ, սակայն, սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ դառնալով առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն: