Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արման Թաթոյանը:
«Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետակոծության, և ներկայացրել են մանրամասներ:
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:
Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ»,- գրել է Ա.Թաթոյանը: