ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով արտակարգ դրությունը երկարաձգելու Կառավարության որոշումը, ասաց՝ այն բոլորի համար պետք է լինի ավելի մեծ զգոնության ազդակ:
«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանումը: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու»,- ասաց փոխվարչապետը:
Ավինյանի խոսքով՝ այժմ դիտարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը: Հետագա կարգավորումների ընտրությունը կախված է լինելու համավարակի զարգացման տեմպերից:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ-ի ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացի, որոնք կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք աշխարհի տարբեր երկրներից, տեղափոխվել են Հայաստան: Նրանցից 2200-ի տեղափոխումը բարերարների աջակցությամբ, նաև վարած բանակցությունների շնորհիվ իրականացվել է անվճար: Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի:
«Ընդհանուր առմամբ համավարակի կառավարման շրջանում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների մոնիտորինգը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում դեռևս չկա արդյունավետության ցանկալի մակարդակը, ինչը հնարավորություն կտար վարակի տարածումը շեշտակիորեն նվազեցնել: Միայն նոր դեպքերի զրոյացմամբ կարող ենք դիտարկել լիարժեք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, ինչը նշանակում է գործող սահմանափակումների աստիճանական վերացման սցենարի գործարկում՝ թվերի նվազման հետ զուգահեռ»,-ասաց Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծությամբ հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը կազմել է 0.8 և շարունակում է անկման միտումը: Ավինյանը շեշտեց, որ այս արդյունքին էապես նպաստել են հակահամաճարակային կանոնների պահպանումը, եղանակային գործոնը:
«Նման միտումի պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիրների արձանագրված դեպքեր: Կանխատեսումները շատ նախնական են»,- ասաց Պարետը՝ հավելելով, որ երկրում կորոնավիրուսի կանխարգելման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում ընթացիկ իրավիճակին համահունչ՝ պարբերաբար մշակում և վերանայում են տարբեր սցենարներ: Ավինյանը շեշտեց, որ ցանկացած պահի, երբ տեսնեն, որ առողջապահության համակարգն այլևս ի վիճակի չէ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու են սահմանափակումներ կիրառել՝ բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիության ապահովման նախապայմանով:
«Լիահույս եմ, որ անտեսանելի թշնամու դեմ պայքարում սահմանապահ զինվորների նման միասնական կլինենք և համատեղ կհաղթահարենք այս դժվարությունը ևս»,-շեշտեց Տիգրան Ավինյանը: