Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը:
«Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում:
Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը:
Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան և Մանվել Խոստեղյան փողոցներում: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Այն միաժամանակ ծառայելու է որպես հեղեղատար ու ջրահեռացման համակարգ՝ ճանապարհները քայքայումից պաշտպանելու համար: Ցանցը նորոգվելու է երկաթյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ նվազագույնի կհասնեն ոռոգման ջրի կորուստները: Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի եկող տարվա ընթացքում: Ծրագրից կօգտվի համայնքի շուրջ 300 տնտեսություն»,- տեղեկացրել է նա։