2020 թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները, նկատելով, որ «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորի առկայության պայմաններում, չի կրում պաշտպանիչ դիմակ, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Սակայն մեքենայի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ և ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Վերջինիս հայտնաբերելուց հետո, ոստիկանի օրինական պահանջները և ՀՀ պարետի թիվ 92 որոշման պահանջները չկատարելու համար բերման ենթարկելու ընթացքում, ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչ, որոնք հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, խոչընդոտել նրանց օրինական գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ. բռունցքով 2 անգամ հարվածել է նրանցից մեկի որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պոկել է վերջինիս կրծքանշանը և գցել գետնին, որից հետո արմունկով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:
Եղեգնաձոր քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: