Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ ու աներկբա համախմբված է, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից իր ելույթն այսպես սկսեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա էլ, երբ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, դիվանագետները, կարծում եմ, պետք է իրենց գործը անեն: Բոլոր մայրաքաղաքներում պետք է ներկայացնեն, տեղեկացնեն ու լուսաբանեն, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը:
Ինչպես նաև, խորհրդարանական մեր ունեցած հարթակները, յուրաքանչյուրն իր տեղում պետք է այդ իրազեկման աշխատանքները տանի, բացատրի, ցույց տա, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները, և որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, լինեն աներկբա, ոչ թե՝ «կողմերին կոչ ենք անում հանդարտվել», այս, այն..., այլ կոնկրետ՝ թիրախավորած Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը»,- նշեց Մարուքյանը: