ԱՄՆ ռազմանավի վրա բռնկված հրդեհի պատճառով վիրավորվել է 17 նավաստի և 4 քաղաքացիական անձ, հայտնում է BBC-ն:
Ամերիկյան նավատորմի փոխանցմամբ՝ հրդեհի պահին նավում եղել է 160 նավաստի: Սովորական անձնակազմը մոտ հազար մարդ է, բայց նրանց թիվը քիչ է եղել, քանի որ նավը տեխնիկական սպասարկման է ենթարկվել:
Ըստ փրկարար ծառայության տվյալի՝ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային բազայում գտնվող Bonhomme Richard նավում հրդեհից անմիջապես հետո տեղի է ունեցել ուժեղ պայթյուն: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատներն ու փրկարարները:
Սան Դիեգոյի հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ հրդեհը կարող է տևել մի քանի օր, փրկարարական անձնակազմի բոլոր աշխատակիցները և նավաստիները լքել են նավը և փորձում են հրդեհը մարել դրսից: Հրդեհի պատճառը չի հաղորդվում: