ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կառավարության նիստում ներկայացնելով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշման նախագիծը, հիշեցրեց՝ այդ քայլին գնում են արդեն չորրորդ անգամ:
«Միևնույն ժամանակ նախագծում փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը: Սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, իսկ հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել նաև ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքերում, երբ անձը բժշկական ցուցումններին համապատասխան այցելում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ, անհրաժեշտ լաբորատոր, գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,- մանրամասնեց Բադասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Վարչապետն ընդգծեց, որ օրենսդրությամբ բացի արտակարգ դրության ռեժիմից՝ այլ արդյունավետ գործիքակազմ չկա, և, հետևաբար, եթե արտակարգ դրությունը չերկարացվի, ապա հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե կկորցնի ուժը:
«Այս է պատճառը, որ մենք ստիպված ենք երկարացնել արտակարգ դրությունը: Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Նախորդ ամսվանից մենք որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը: