Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի հետագա ճակատագրի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Նա հայտարարել է, որ հիասթափված է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանության որոշումից:
Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ, կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ ամբողջ ժամանակ մտածում է Ստամբուլի և Սուրբ Սոֆիայի մասին:
Տաճարի հետագա ճակատագիրն անհանգստացնում է ամբողջ քրիստոնյա աշխարհին: Ի՞նչ է սպասվում քրիստոնեական որմնանկարներին: Թուրքական Hurryiet թերթի փոխանցմամբ՝ քրիստոնյա սրբերի դիմանկարները մուսուլմանական աղոթքների ժամանակ կարող են մթնեցվել հատուկ լազերային լուսավորությամբ, քանի որ իսլամն արգելում է կենդանի էակների պատկերները: Որմնանկարների մյուս մասերը, հավանաբար, տեսանելի կլինեն:
Կա նաև խճանկարները վարագույրով ծածկելու տարբերակը, իսկ հատակը կծածկվի աղոթքի համար նախատեսված գորգով: Առայժմ պարզ չէ՝ զբոսաշրջիկներին կթույլատրվի՞ մուտք գործել տաճարի բոլոր մասերը, թե՞ ոչ:
Այս հարցերի վերաբերյալ առաջարկությունները պատրաստվում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում:
1985-ին թանգարանի շենքը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, բայց այժմ, ըստ որոշ մասնագետների, կարող է առաջանալ Սուրբ Սոֆիան այս ցանկից հանելու հարցը՝ պահպանման պայմանների խախտման պատճառով: