ԱԺ հատուկ նիստում պարետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե համավարակի դեմ պայքարի առումով ինչ սխալներ են թույլ տրվել, նշեց, որ սխալներ եղել են, որոնց հիմքում ինստիտուցիոնալ խնդիրներ են:
«Եթե վերադարձ կատարեինք մինչև արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների ամբողջական ծավալի ներդրումը, կարծում եմ՝ առաջին հերթին վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ մեր մոտեցումները այլ կլինեին, վերահսկողությունը, միանշանակ, ավելի խիստ կսահմանվեր, ավելի մեծ քանակով ռեսուրս կներդրվեր»,- ասաց Ավինյանը:
Նա շեշտեց, որ ապահովել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացումը: Նա նաև նշեց, որ այդ կարողություններն այն աստիճան են զարգացել, որ նույնիսկ այս բարձր թվերը ունենալու պարագայում որևէ մտահոգություն չունեն, որ առողջապահության համակարգն այս փուլում ունակ չի լինի սպասարկել կարիք ունեցող անձանց:
«Ընդհանուր առմամբ նաև այսօր կարող ենք արձանագրել, որ վարակի տարածման արագությունը որոշ չափով նաև նվազել է՝ կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ավելացման, հանրային հաղորդակցման տեսանկյունից ավելի հստակ մեսիջների տրման պարագայում: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մեր հիմնական խնդիրները եղել են վերահսկողական համակարգի հետ կապված»,- ասաց Պարետը: