Հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը մեծ արձագանք է ստացել նաև վրացական մեդիայում և ֆեյսբուքյան վրացի օգտատերերի էջերում:
Վրացալեզու ԶԼՄ-ներում իրավիճակը հիմնականում ներկայացվում է կողմերից ստացված տեղեկատվությունը հավասարաչափ ներկայացնելով` չեզոք դիրքից: Նման կերպ են աշխատում «Ազատություն» ռադիոկայանի վրացալեզու կայքը, Interpressnews-ը, Netgazeti-ն, Mtavari TV-ն, Formulanews-ը։ Նույն տրամաբանությամբ է աշխատում նաև Հանրային հեռարձակողի վրացալեզու հատվածը, որը յուրաքանչյուր կողմի հայտարարություն առանձին, տվյալ պետության դիրքից է ներկայացնում:
Վրացական մեդիաների շարքում առանձնանում է imedinews.ge իշխանամետ կայքը, որը երեկ կեսօրից հետո բազմիցս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սակայն հրապարակված նյութերի շարքում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները, իսկ զոհերի մասին կայքում հանդիպում են «Հայ-ադրբեջանական սահմանին կրակի հետևանքով զոհ կա» կամ «Հայ-ադրբեջանական սահմանին զոհեր կան» վերնագրերը: Նմանատիպ նյութերը շփոթ են առաջացնում, ինչի հետևանքով էլ ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի էջերում քննադատական քննարկումներ են ծավալվում: