Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։
«Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են և տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործոն։
Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը»,- նշված է հայտարարության մեջ։