«Տուրիզմը կորոնավիրուսի օրերի՞ն։ Չկա, ճիշտ պատասխանը դա է, ուղղակի չկա»,- 1Lurer.am-ի զբոսաշրջության մասին հարցին ի պատասխան՝ նշեց «Արշավներ» ակումբի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը։
Իրենք չեն հասկանում՝ ինչ անել, օգնե՞լ իրենց կազմակերպությանն ու իրականացնել շրջայցեր, տուրեր, թե՞ անվտանգությունից ելնելով՝ հրաժարվել տուրեր կազմակերպելուց ու կանգնել սոցիալական ավելի ծանր դրության առաջ։
«Մայիսից հետո մեր կազմակերպած տուրերը, եթե համեմատենք որոշ կազմակերպությունների արած տուրերի հետ, շատ են, իսկ եթե նախորդ տարվա մեր կազմակերպած տուրերի հետ համեմատենք, մենք մեկ-երկու անգամ ենք կազմակերպել։ Բոլոր հոսքերն ուղղորդվեցին դեպի ներքին տուրիզմ, բայց դրանք չկանոնակարգվեցին, ու քանի որ դաշտում օրենսդրական ու վերահսկման մեխանիզմը շատ թույլ է, դաշտը վերածվեց քաոսի»,- նշեց Ռուբեն Բաղդիշյանը: Նա հավելեց, որ Սփյուռքի հայրենակիցների բացակայությունը ներքին տուրիզմը շատ է զգում։ Նախորդ տարի ամենօրյա տուրեր են ունեցել, իսկ հիմա իրականացնում են միայն հանգստյան օրերին կամ էլ շաբաթվա ընթացքում որևէ այլ օր։
Ակումբը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 1000-ից ավելի երթուղի և սպասարկել է 27 հազարից ավելի մարդու։
Զբոսաշրջությունը կորոնավիրուսի օրերին ամբողջ աշխարհում ամենից շատ տուժված ոլորտներից է: Արդեն քանի ամիս է՝ երկրների սահմանները փակ են, մարդիկ փակված են իրենց տներում, իսկ զբոսաշրջային կենտրոնների, հյուրանոցների, սննդի կետերի դռները բացող չկա։
2020-ի առաջին եռամսյակում մինչ մարտին առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարելը ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը Հայաստան եղել է 313 հազարից փոքր-ինչ ավելի՝ 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Բայց եթե վերցնենք առաջին կիսամյակն ամբողջությամբ, անցած տարի հունվար-հունիսին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մի փոքր ավելի, քան 770 հազարը, այս տարի եթե չլիներ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ակնկալում էինք առնվազն 10% աճ»,- նշեց Ապրեսյանը՝ մանրամասնելով, թե որքան է կորոնավիրուսը վնասել Հայաստանի զբոսաշրջության ոլորտին։
Ոչ միայն կանխատեսած նվազագույն 10% աճը չի լինի, դեռ մի բան էլ անկում կգրանցվի՝ վստահ է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ Քանի որ, այս տարի երկրորդ եռամսյակը Հայաստանն անցկացրել է փակ օդային և ցամաքային սահմաններով, և որևէ զբոսաշրջիկ մեր երկիր չի եկել, եթե նախորդ տարի առաջին կիսամյակում 770 հազար այցելու էինք ուեցել, ապա այս տարի, առանց հաշվելու կանխատեսվող աճը, 770 հազարից հանած մինչ կորոնավիրուսային արտակարգ դրությունն ունեցած այցելությունները՝ 313 հազար, կստացվի 457 հազար։ Այսինքն՝ շուրջ 460 հազար այցելուով պակաս, քան նախորդ տարի։
«Այդ ցուցանիշն անհրաժեշտ է բազմապատկել թվով, թե միջինում մեկ զբոսաշրջիկն ինչքան է ծախսում մեր երկրում: 2013-ին իրականացվել է այցելուների վերջին վիճակագրական հետազոտությունը, որի համաձայն՝ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում միջինը մեր երկրում ծախսում է 700-800 դոլար։ Եթե հաշվի առնենք, որ այս տարիների ընթացքում մեր զբոսաշրջային արդյունքն ավելի է դիվերսիֆիկացվել ու ավելի հետաքրքիր է դարձել, թիվը հաստատ աճած կլինի մինչև 1000 դոլարի։ Իսկ եթե նվազագույն՝ 800 դոլարով բազմապատկենք չունեցած այցելությունների թիվը, ապա կստացվի, որ մեր կորցրած եկամուտները եղել են ավելի քան 360 միլիոն դոլար, իսկ եթե սրան էլ գումարենք ներքին և արտագնա զբոսաշրջությունից կորուստները, ապա, կրկին նվազագույն հաշվարկներով, մեր կորցրած եկամուտը 450-500 միլիոն է եղել»,- նշեց Ապրեսյանը՝ հավելելով, որ կոպիտ հաշվարկներով էլ՝ չստացված եկամտի 20 տոկոսն էլ պետական բյուջե էր ուղղվելու։
Որ զբոսաշրջային ոլորտն այս տարի աշխարհում ամենատուժածն է և որ երկրորդ եռամսյակում ընդհանրապես կանգ էր առել՝ փաստում են բոլոր ցուցանիշները։ Ոլորտի տնտեսվարողները զրկվել են եկամուտներից, բայց հարկային ու վարկային պարտավորությունները մնացել են՝ ասում է Ապրեսյանը։ Ըստ նրա՝ զբոսաշրջության ոլորտը փրկելու համար պետք է իրականացնել համալիր միջոցառումներ։
«Զբոսաշրջության վերականգնման գործընթացը պետք է սկսել ներքին զբոսաշրջությունից, բայց հույսեր չտածել, որ միայն ներքին զբոսաշրջությամբ կարող ենք փրկել ոլորտը և, իհարկե, պատրաստ լինել առաջին հնարավորության դեպքում զբոսաշրջիկներին ընդունելու։
Իրավիճակային լուծումներ արդեն ունենք և ի սկզբանե ողջունել ենք Կառավարության մոտեցումն ու քաղաքականությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ընդունման մասով։ Մոտեցումը՝ որ եկեք ոչ թե հարկերից ազատելու, հարկային արձակուրդի մասին խոսենք, այլ պահպանենք միասնական հարկային քաղաքականությունը, բյուջեն եկամուտներից չզրկենք, բայց հնարավորություն տանք պետությանը օգնել բիզնեսին ֆինանսով»,- նշեց Ապրեսյանը։
Ապրեսյանի կարծիքով՝ վերականգնումը պետք է սկսել ներքին զբոսաշրջությունից, բայց այսօր այլ խնդիր է հասունանում։ Ոչ թե շուկայականից, այլ ինքնարժեքից ցածր առաջարկների կարելի է հանդիպել։
«Մարդիկ պարզապես գոյատևման խնդիր են լուծում՝ նվազագույն չափով զբաղվածություն և եկամուտ ապահովելով իրենց աշխատողների համար։ Սրան էլ կարող է գումարվել անբարեխիղճ մրցակցությունը։ Շատ-շատերը, առանց գրանցվելու, հարկեր վճարելու, խիստ ցածրորակ ծառայություններ մատուցելով և համապատասխան ցածր գներով, մտնում են շուկա»,- նշեց Ապրեսյանը։
Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ պետք է հաշվի առնել ոլորտի առանձնահատկություններն ու մեկ առանձին միջոցառում ունենալ, որը կլուծի ոլորտի բոլոր խնդիրները։ Մասնագետներն ասում են, որ զբոսաշրջությունից եկամուտ և ոլորտի վերականգնում պետք է ակնկալել միայն հաջորդ տարվա ապրիլից, և պետք է ոլորտի տնտեսվարողներին տրամադրել այնպիսի վարկեր, որոնց արտոնյալ ժամանակահատվածն առնվազն մեկ տարի լինի։ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ ժամանակն է նաև փոխել ոլորտը կարգավորող օրենքը։