Կառուցվող շինության մասին ցուցանակ, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պահանջները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:
Վիգեն Սուքիասյան, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ - Բազմանբակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների ժամանակ շինարարական հրապարակը պատշաճ կազմակերպված չէր, այսինքն՝ սահմանազատող ցանկապատը և բացակայում էր ավտոլվացման կետը:
Վերջին 1.5 տարում մայրաքաղաքում շինարարության ծավալներն էականորեն աճել են: Քաղաքապետարանն ավելի քան 500 նոր շինթույլտվություն է տվել: Թվերի աճին զուգահեռ կառուցապատող ընկերություններից ոչ բոլորն են պահպանում անվտանգության նորմերը, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում.
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - էսպիսի կահավորում են՝ երեք արմատուրա իրար հետ զոդում են, դնում են, տեսել եք երևի ու ինչ-որ բան են քաշում, լենտա են քաշում, անհասկանալի, վառած արևի, մի 20 անգամ օգտագործած և գիտեն, թե կահավորել են իրանց շինարարությունը:
Որ շինարարությունը քաղաքի բնակիչներին անհարմարություն չպատճառի, քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ` շինհրապարակներում ստուգայցեր են կազմակերպվում: Քաղաքաշինության ոլորտում անցած կես տարում իրավախախտման 189 արձանագրություն է կազմվել:
Արամ Գյուլզադյան, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ - Այդ արձանագրություններից 77 կազմվել է հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 71-ը` քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից և 41-ը` վարչական շրջանների ղեկավարի աշխատակազմի կողմից:
Խախտումներ թույլ տված շինընկերության պատասխանատուները տուգանվել են 70-100 հազար դրամով: Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը վստահեցնում է՝ ամենախիստ ձևով շարունակելու են հետևել շինաշխատանքներին:
Մայրաքաղաքի փողոցներում քիչ չեն բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարները: Արամ Գյուլզադյանն ասում է՝ լուրջ խնդիր է, բայց այդ հարցն էլ կկարգավորեն, որ քաղաքը մաքուր լինի, մեքենաների ապակիներն էլ չկոտրվեն: