Փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ դիմակների պարտադիր կրման որոշմանը: Ավինյանը շեշտեց, որ այժմ բազմաթիվ են հեղինակավոր ինստիտուտների կողմից դիմակի արդյունավետության վերաբերյալ արձանագրված ապացույցները: Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում նաև վարակի վերարտադրման գործակցի և վարակակիրների՝ օրական հաստատված թվերի հարաբերական կայունացումը:
«Պետք է շեշտեմ, որ այս առումով հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում նաև ոստիկանների կողմից արձանագրված խախտումները: Մինչ օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն»,- ասաց Ավինյանը:
Պարետը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսվարողների կողմից սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ: Նա շեշտեց, որ տնտեսվարողների վարքագիծը բարելավվել է, ինչը փաստում է արձանագրված խախտումների քանակը:
«Մինչ օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, կազմվել է 4548 արձանագրություն: Փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսվարողների գործունեություն: Սակայն եթե հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրել ենք խախտում ընդհանուր առմամբ 58 տնտեսվարողի մոտ»,- հայտնեց Ավինյանը: