«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ խմբակցության կարծիքով՝ իրավական առումով խնդրահարույց է արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը, և հետաքրքրվեց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանից, թե հիմա ի՞նչ խնդիր է լուծվում:
Ավինյանը նշեց, որ արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ իրավիճակը, այսինքն՝ այն սպառնալիքը, որի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է, վերացված չէ, իսկ այդ սպառնալիքը դեռևս կա և շարունակվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ:
«Ինչո՞ւ ենք պահպանում արտակարգ դրության ռեժիմը: Եթե մենք հենց հիմա հանենք արտակարգ դրության ռեժիմը, գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք այսօր գործում են, հնարավոր չէր լինի պահպանել: Ես խոսում եմ գրեթե բոլոր սահմանափակումների մասին, որոնք սահամանված են Կառավարության և Պարետի որոշմամաբ: Մի փոքր ավելի մեղմ տրամաբանություն դրվելու է «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքում, և հետագայում անցում ենք կատարելու արտակարգ դրության ռեժիմը հանելուց արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի տարածումը կառավարելուն: Դա նշնանակում է, որ որոշակի դրական միտումներ ենք ակնկալում»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ կան սահմանափակումներ, որ հնարավոր է պահել միայն արտակարգ դրության ռեժիմի դեպքում:
Ե՞րբ հնարավոր կլինի մարդկանց վերադարձը հայրենիք ապահովել ցամաքային ճանապարհով հարցին ի պատասխան Ավինյանը նշեց, որ դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ, և հնարավորինս փորձում են բոլոր քաղաքացիների վերադարձն ապահովել փուլային կարգով: