Հանգստյան օրերին հազարավոր երիտասարդներ են հավաքվել Նիցցայի ծովափում՝ հանրաճանաչ դիջեյ The Avener-ի համերգին՝ հայտնում է Euronews-ը: Նա նվագել է հանրահայտ Բելանդա աշտարակից, իսկ հանդիսատեսը ներքևում զվարճացել է՝ մոռանալով պահպանել սոցիալական հեռավորությունը: Նրանք երգել են, պարել, գրկախառնվել, համբուրվել, կարծես համաճարակ չկա, 30 հազար մարդ էլ չի մահացել:
Համացանցում այս անխոհեմությունը համատարած դատապարտման է արժանացել: Այնուամենայնիվ, տեղական իշխանությունները նշել են, որ միջոցառման ժամանակ հետևել են կառավարության բոլոր ցուցումներին` այցելուների թիվը չի գերազանցել զանգվածային միջոցառումների համար թույլատրված 5 հազարը, անընդհատ հնչել են ձայնային հիշեցումներ մարդկանց միջև առնվազն մեկ մետր հեռավորությունը պահպանելու մասին, ամենուրեք փակցվել են դիմակ կրելու առաջարկներ: Կադրերը, սակայն, ցույց են տալիս, որ մասնակիցները հիմնականում անտեսել են բոլոր ցուցումները: