Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ համավարակի տարածման տեմպերին ու իրավիճակին համարժեք ընդլայնվում են առողջապահական կարողությունները: Նրա խոսքով՝ այս պահին դրանք իրավիճակին համարժեք արձագանքելու առումով պատշաճ են:
Ավինյանը հայտնեց, որ կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտից օգտագործվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը՝ ռեանիմացիոն: Պացիենտների հիվանդանոցային օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում: Պարետը հայտնեց նաև, որ իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում: 5680 բուժաշխատող մասակցել է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների: Ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական, միջազգային և տեղական վեբինարների: Հայաստանյան գործընկերներին օգնելու նպատակով բարեկամ երկրներից ժամանել են բազմաթիվ բուժաշխատողներ: Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ:
«Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստերի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Օրեր ենք ունեցել, որ մինչև 2800 թեստ ենք իրականացրել:
Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 135 հազար 687 թեստ: Թեստավորման կարողությունների աճին նպաստեց նաև այն, որ մասնավոր լաբորատորիաներին, որոնք պատշաճ կարողություններ և պայմաններ ունեին, հնարավորություն տրվեց թեստավորում իրականացնել»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետն ընդգծեց, որ թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները:
«Չինաստանից բերված հումքով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից արտադրված հայկական ատադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան 8000 թեստ, արդեն իսկ փոխանցվել է նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 հազար հայկական արտադրության թեստեր: Հաշվի առնելով՝ ինստիտուտի կողմից արտադրված թեստերի բարձր որակը և թեստավորման ծավալները մոտ ապագայում ընդլայնելու մեր ծարագրերը՝ քննարկում ենք նոր ռեագենտներ ձեռք բերելու հնարավորությունը՝ արտադրությունը շարունակելու նպատակով»,- ասաց Պարետը:
Նա նաև շեշտեց, որ միայն առողջապահական համակարգի միջոցով էպիդեմիայի արդյունավետ կառավարումը լիարժեք չի կարող լինել, և կարևոր է սահմանված բոլոր հակահամաճարակային և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ կարգապահությունը: