ԱԺ հատուկ նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ Հայաստանն այն երկրների ցանկում է, որի քաղաքացիների մուտքը շատ եվրոպական և ասիական երկրներ արգելված է: Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչ է անում մեր երկիրն այդ արգելքը վերացնելու ուղղությամբ, և ինչու ՀՀ քաղաքացիները բացասական արդյունքով թեստերի դեպքում չեն կարող մեկնել արտասահման:
Տիգրան Ավինյանը նշեց, որ այսօր էլ աշխատանք է տարվում, որ մեր քաղաքացիներն ազատ մուտք ունենան եվրոպական երկրներ:
«Բայց, այնուամենայնիվ, այդ աշխատանքները ես չէի կապի որևէ երկիր մուտք գործելու թույլտվության հետ: Մեր քաղաքացիների վերադարձն այլ հարց է, որը պետք է հնարավորինս ավելի մեծ քանակներով ապահովենք, որովհետև իրավիճակն այնքան արագ է փոփոխվում աշխարհում, որ գրեթե օրական դեպքերով զրոյի հասած երկրները բացվելու հետ մեկտեղ՝ վարակի տարածման շեշտակի աճ են գրանցում: Այս պահի դրությամբ՝ մեր իրավիճակը գնահատում ենք ծանր, բայց ստաբիլ»,- նշեց արտակարգ դրության պարետը՝ ևս մեկ անգամ կոչ անելով խոշոր միջոցառումներից խուսափել և խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին:
Քաղաքացիների վերադարձի մասով Ավինյանը նշեց, որ որոշակի մեխանիզմներ կմշակվեն, և հնարավորություն կլինի թեստավորման դեպքում մուտք գործել ՀՀ: