ԱՄՆ-ում ավելանում է կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը, ինչը ստիպում է մտածել՝ հնարավոր կլինի՞ աշնանը բացել դպրոցները՝ գրում է The Wall Street Journal-ը:
Չորեքշաբթի Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված երեխաների և մանկական խնամքի հաստատությունների աշխատողների թիվը հասել 1695-ի, մինչդեռ անցած շաբաթվա սկզբին գրանցվել էր 817 հիվանդ:
Ըստ մանկաբույժների՝ երեխաների մեծ մասը վարակվում է տանը մեծահասակներից և ոչ թե այլ երեխաների հետ շփվելիս: Իսկ Forbes-ը գրում է, որ հիվանդ երեխաների թիվը բարձր չէ, քանի որ ախտանիշների բացակայության դեպքում նրանց չեն թեստավորում:
Որոշ երեխաների մոտ COVID-19-ով վարակվելուց հետո մարմնում բորբոքային գործընթաց է սկսվում, նշում է WSJ-ն: Այդ երեխաների մոտ կարող են առաջանալ ձեռքերի և ոտքերի այտուցվածություն, աչքերի կարմրություն, լուծ և սրտխառնոց: Գիտնականները մատնանշել են այս գործընթացի նմանությունը Կավասակի հիվանդության և տոկսիկ շոկի համախտանիշի հետ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ի վերջո ներկայացրեց որպես առանձին հիվանդություն: